Զեյթունի կիսանկախ վիճակը
19-րդ դարի երկրորդ կեսի ազատագրական պայքարի օրինակներից է Զեյթունի ինքնապաշտպանությունը: Զեյթուն քաղաքը գտնվում է լեռնային Կիլիկիայում: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը, կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Զեյթուն գավառը և քաղաքը փաստորեն կառավարում էին հայկական ավանդական իշխանական տները, որոնք հարկ էին վճարում սուլթանական իշխանությանը: Զեյթունում և գավառում 19-րդ դարի 2-րդ կեսին բնակվում էին 35-40 հազար հայեր և շուրջ 8,5 հազար մահմեդականներ: Իր կիսանկախ վիճակով և ազգասիրական վարակիչ օրինակով Զեյթունը դարձել էր օսմանյան իշխանությունների կենտրոնական կետը: Վերջիններս բազմիցս փորձել էին հնազանդեցնել նրան, սակայն միշտ էլ պարտություն էին կրել: Անհաջողության մատնվեցին նաև օսմանյան կառավարության փորձերը՝ Զեյթունը դարձնել կառավարչի նստավայր և բնակիչներին պարտադրել կանոնավորապես հարկեր վճարել: 1860թ. հուլիսին կառավարությունը որոշեց փոխել իրավիճակը և վերջնականապես հնազանդեցնել զեյթունցիներին:
Comments
Post a Comment