Հայկական կամավորական շարժում (1914-1918)
Կամավորական շարժում, առաջացել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը կամավորական զինված ջոկատներով համալրելու, Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով։ Հայ ազգային շրջանները, օգտվելով ցարական կառավարության 1914 թվականի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից և հույս ունենալով, որ ռուսական բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը թուրքական բռնապետությունից, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով-Դաշկովի հետ, երբ դեռ չէր սկսվել պատերազմը։ Ցարական կառավարությունը, ելնելով Մերձավոր Արևելքում իր հետապնդած շահերից և համոզված լինելով Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի նվիրվածության մեջ, 1914 թվականի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպելու հայկական կամավորական ջոկատներ՝ մշուշապատ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարականկառավարության՝ Արևմտյան Հայաստանի «ազատագրման» վերաբերյալ հավաստիացումներին, ակտիվ գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2.054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 հազար զինվոր։ Հայ հոգևոր և աշխարհիկ շրջանների ներկայացուցիչները, Վորոնցով-Դաշկովի խորհրդով, ինչպես գաղթավայրերում, այնպես էլ Անդրկովկասում, կոչ էին անում հայությանը՝ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով հայ կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավորական ջոկատները կազմակերպելու, համալրելու, նրանց զենքով և սննդամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ կայսրության բազմաթիվ հայաբնակ քաղաքներում, իսկ Հայկական Ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հայ Կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, ինչպես նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցարական կառավարությունը։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ)։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկ Օզանյանը (1-ին ջոկատի), Դրաստամատ Կանայանը(Դրո, 2-րդ), Համազասպ Սրվանձտյանը (3-րդ), Քեռին (4-րդ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ, 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915 թվականի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազարի։ Հնչակյան 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որը հերոսաբար զոհվեց 1915 թվականի հունվարին, էրզրումի մոտ, որից հետո ջոկատն առաջնորդում էր Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915 թվականի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ։ Կամավորական առաջին զորաջոկատները ռազմաճակատ մեկնեցին 1914 թվականի նոյեմբերին։ 1-ին ջոկատը գեներալ Չեռնոզուբովի զորախմբում կռվում էր Խոյ-Դիլման-Վան, 2-րդը՝ Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, 3-րդը՝ Կաղգվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, 4-րդը՝ Սարիղամիշ-էրզրում ուղղությամբ։ Կամավորական ջոկատները կռվում էին ռուսական բանակի մարտակարգերում ոչ ինքնուրույն կերպով։ Կամավորներից շատերը ծանոթ Էին տեղանքին, գիտեին տեղական բնակչության լեզուներն ու բարքերը, հեշտությամբ էին տեղեկություններ քաղում հակառակորդի թիկունքում կատարվածի մասին։ Նրանք ամենուրեք քաջությամբ էին կռվում։ Մարտական սխրանքներով հատկապես աչքի ընկավ կամավորական 1-ին ջոկատը՝ Անդրանիկի հրամանատարությամբ։ 1915 թվականի ապրիլին նրա ջոկատը հաղթական մարտեր մղեց Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, ուր ռուսական զորքերի հետ գլխովին ջախջախեց Խալիլ բեյի 12000-ոց բանակը. Այդ հաղթանակը մեծ նշանակություն ունեցավ Անդրկովկասը թուրքերի ներխուժումից փրկելու գործում։ Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցավ թուրք-պարսկական սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին Խանասորի լեռնանցքում և մտավ Բաշկալե։ Դրանով իսկ խափանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրքական պլանը։ 1915 թվականի մայիսի 6-ին Արարատյան գունդը, որը կազմված էր 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատներից, գեներալ Նիկոլաևի զորախմբի կազմում, առաջինը մտավ Վան։ Վանի ազատագրումից հետո հայկական կամավորական չորս ջոկատները, գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում, համառ մարտեր մղեցին Վանա լճի հարավային մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, շարժվեցին Մուշի ու Բաղեշի ուղղությամբ։ 1915 թվականի հուլիսի 9-ին թուրքական 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հարվածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուսական Կովկասյան 4-րդ կորպուսի դեմ՝ Կոփ-Մանազկերտ։
Comments
Post a Comment