Բրեստ-Լիտովսկի պայմանագիր
Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը կնքվել է Խորհրդային Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև, 1918 թ. մարտի 3-ին, Բրեստ-Լիտովսկում (այժմ՝ Բրեստ, Բելառուսում): Խորհրդային կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Սոկոլնիկովը (պատվիրակության նախագահ), Գ. Չիչերինը, Լ. Կարախանը, Գ. Պետրովսկին, մյուս կողմից՝ Ռ. Կյուլմանը, Մ. Հոֆմանը (Գերմանիա), Չեռնին (Ավստրո-Հունգարիա), Ա. Տոշևը (Բուլղարիա), Ի. Հաքքը փաշան (Թուրքիա):
Պայմանագրի ստորագրմանը նախորդել են 3 փուլով տարված բանակցությունները. 1917 թ. դեկտեմբերի 9 (22)-ից մինչև 15 (28)-ը, 1917 թ. դեկտեմբերի 27 (1918 թ. հունվարի 9)-ից 1918 թ. հունվարի 29 (փետրվարի 10)-ը, 1918 թ. մարտի 1-ից 3-ը: Հայկական հարցըդրվել է բանակցությունների բոլոր փուլերում, ինչպես լիագումար նիստերում, այնպես էլ ռուս-գերմանա-ավստրո-հունգարական և ռուս-թուրքական քաղաքական հանձնաժողովներում:
Խորհրդային կողմը որպես պայման ներկայացրել է հետևյալ սկզբունքները. թույլ չտալ պատերազմի ժամանակ զավթած տարածքների բռնի միացում, զորքերի դուրսբերում, վերականգնել պատերազմի ընթացքում իրենց քաղաքական ինքնուրույնությունը կորցրած ժողովուրդների իրավունքները, մինչև պատերազմը քաղաքական ինքնուրույնություն չունեցող ազգային խմբավորումներին տալ հանրաքվեի միջոցով իր հետագա ճակատագիրը տնօրինելու երաշխիք, որը հնարավորություններ էր ստեղծում Հաշտության դեկրետի, Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիայի, Արևելքի մահմեդական աշխատավորներին ուղղված ՌԽՖՍՀ ժողկոմխորհի դիմումի հռչակած պարտավորությունների ոգով Հայաստանի հարցը լուծելու համար: Սակայն խորհրդային առաջարկները մերժվել են Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից: 1917 թ. դեկտեմբերի 14 (27)-ին խորհրդային պատվիրակությունը քննարկման է ներկայացրել ապագա պայմանագրի 1-ին հոդվածի հետևյալ նախագիծը. Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Իրանի իր գրաված տարածքներից, իսկ Քառյակ դաշինքի երկրները՝ Լեհաստանից, Լիտվայից, Կուռլանդիայից և Ռուսաստանի շրջաններից: Խորհրդային նախագծում նախատեսվում էր այդ տարածքների բնակիչներին տալ հնարավորություն մոտակա և որոշակի ժամկետում վճռել այս կամ այն պետության հետ միավորվելու կամ ինքնուրույն պետություն ստեղծելու հարցը: Այս առաջարկը ևս չի ընդունվել: Քառյակ դաշինքի ներկայացրած նախագծում ճանաչվում էր Լեհաստանի, Լիտվայի,Կուռլանդիայի և Էստլանդիայի ու Լիֆլանդիայի մի մասի ժողովուրդների ինքնուրույնությունը և Ռուսաստանի Ֆեդերացիայից նրանց դուրս գալը, սակայն Հայաստանի մասին ոչինչ չէր ասվում: Շարունակվող բանակցությունների ընթացքում խորհրդային կողմին ներկայացվել են ավելի խիստ պահանջներ, որոնք նորից անտեսում էին Արևմտյան Հայաստանի մասին խորհրդային առաջարկները: Գերմանական ներկայացուցիչը նույնիսկ պահանջել է հանել Հայկական հարցը հանձնաժողովի աշխատանքներից, որի դեմ, սակայն, բողոքարկել է խորհրդային պատվիրակությունը՝ հայտարարելով, թե ինքը չի կարող անտարբեր լինել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Կուռլանդիայի և Հայաստանի ճակատագրի հանդեպ, և որ թուրքական կողմի հետ բանակցությունների ժամանակ «Հայկական հարցը խաղում է կարևոր դեր»: Խորհրդային պատվիրակությունը հայտարարել է նաև, որ Արևմտյան Հայաստանի նկատմամբ առաջադրում է նույն սկզբունքը, ինչ և պատերազմից տուժած ռուսական պետության տարածքների նկատմամբ, այն է՝ քաղաքական ինքնուրույնության վերականգնում:
1918 թ. փետրվարի 21-ին, Ռուսաստանի վրա գերմանական. զորքերի նոր հարձակման պայմաններում, ավելի խիստ պահանջներ ներկայացվեցին, որով Ռուսաստանը, մասնավորապես, պետք է նպաստեր «առավելագույն շտապ» Թուրքիային վերադարձնել նրա «անատոլիական նահանգները», այսինքն՝ Արևմտյան Հայաստանի տարածքները: Այնուհետև Գերմանիան Ռուսաստանից լրացուցիչ պահանջեց դուրս բերել զորքերը Արևելյան Հայաստանի, Կարսիև Արդահանի շրջաններից և Բաթումից, որը փաստորեն նշանակում էր Թուրքիայի կողմից այդ շրջանների զավթում: Գերմանական զորքերի շարունակվող հարձակման, Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակի պայմաններում խորհրդային կառավարությունը, ձգտելով ամեն կերպ պահել իր իշխանությունը, ընդունեց Քառյակ դաշինքի բոլոր պայմանները և մարտի 3-ին ստորագրեց պայմանագիրը:
Բրեստի հաշտության 4-րդ հոդվածով և ոուս-թուրքական լրացուցիչ պայմանագրով Թուրքիային էին անցնում Արևմտյան Հայաստանը և Կարսի ու Արդահանի մարզերը: Ռուսաստանը պարտավորվում էր զորքերն անհապաղ դուրս բերել Արդահանի, Կարսի, Բաթումի մարզերից (դրանցում ստեղծվելիք «նոր կարգը» տեղական բնակչությանը պետք է համապատասխանեցներ հարևան պետությունների՝ մասնավորապես Թուրքիայի հետ), ցրել հայկական կամավոր ջոկատները. Կովկասում պահել միայն մեկ դիվիզիա (հակառակ դրան Թուրքիան իրավունք ուներ պատերազմական վիճակի մեջ պահել իր բանակը), ճանաչել 1877 թ. սահմանները:
Պայմանագրի ստորագրման ժամանակ խորհրդային պատվիրակությունը բողոք հայտնեց Գերմանիայի կողմից Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները «Թուրքիայի օգտին» զավթելու կապակցությամբ՝ դրանք գնահատելով որպես Ռուսաստանի կարևոր ռազմավարական կետերի «բռնի զավթում»: 1918 թ. սեպտեմբերի 20-ի ու հոկտեմբերի 10-ի Գերմանիային և Թուրքիային ուղղված նոտաներում խորհրդային կառավարությունը վճռական բողոք հայտնեց Կովկասում թուրքերի կողմից Բրեստի հաշտության պայմանների խախտման, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման, գրավված շրջաններում հայ բնակչության նկատմամբ բռնությունների կիրառման դեմ՝ պահանջելով Հայաստանը մաքրել թուրքական զորքերից և անցկացնել ազատ հանրաքվե գաղթականների մասնակցությամբ: Ավելին, չնայած ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի, խորհրդային կառավարությունը 1918 թ. մարտի 16-ին պնդեց, որ «հայ հեղափոխական կազմակերպությունները իրավունք ունենան ազատորեն կազմավորել հայկական կամավորական ջոկատներ», իսկ տեղերում խորհրդային մարմիններին հրահանգ տրվեց չարգելել այդ ջոկատներին Հայաստան շարժվելիս, քանի որ նրանց նպատակն է պաշտպանել իրենց հայրենիքը թուրք-գերմանական բռնությունից: 1918 թ. նոյեմբերի 13-ին խորհրդային կառավարությունը չեղյալ հայտարարեց Բրեստի հաշտությունը, անվավեր ճանաչվեցին տարածքային բոլոր զիջումները: Թուրքիայի հետ Բրեստի հաշտությունը չեղյալ էր համարվել ղեռևս սեպտեմբերի 20-ի նոտայով: Ռուսաստանից անջատված շրջանների բնակիչները պետք է իրենք վճռեին իրենց ճակատագիրը: Մինչև 1921 թ. ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը (տե՛ս Մոսկվայի պայմանագիր 1921) ՌԽՖՍՀ կառավարությունը Անդրկովկասում օրինական էր համարում 1914 թ. սահմանները:
Comments
Post a Comment